ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայաստանը շարունակում է ապրել, շնչել և արտաշնչել հանուն հավաքական Արևմուտքի

Հայաստանը շարունակում է ապրել, շնչել և արտաշնչել հանուն հավաքական Արևմուտքի
05.12.2025 | 13:16

Հայաստանում սիրում են խոսել, թե հայերը պետք է չլինեն արևմտամետ կամ ռուսամետ՝ հայերը պիտի լինեն ՀԱՅԱՄԵՏ: Ընդ որում, չեն կաող բացատրել, ինչ ասել է հայամետություն: Կարծում եմ, նման բան չկա, քանզի չկա Հայաստան՝ չկա Հայաստան որպես սուբյեկտ աշխարհաքաղաքականությունում կամ միջազգային իրավունքում, կա ընդամենը օբյեկտ, որը իր ստեղծման օրվանից ծառայում է բացառապես օտարի՝ Արևմուտքի շահերին: Իսկ եթե ուղեղ ունենանք և հիշենք, թե ինչ է Արևմուտքը Հայաստանի և հայ ժողովրդի համար, այլևս չենք զարմանա, թե ինչու հայտնվեցինք այս վիճակում, որը ժողվարչապետն անվանում է աննախադեպ ինքնիշխանություն, սուվերենություն, անկախություն և այլն, և այլն:

Ընդամենը մեկ հարցադրում եմ առաջարկում մի քանի հարցից, որի պատասխանն ամեն ինչ կհստակեցնի: Եվ ուրեմն.

Ինչո՞ւ Արցախը դուրս բերվեց Հայաստանի կազմից 1991-ին, այն դեպքում, երբ 1989-ի դեկտեմբերի 1-ին անձամբ Գորբաչովն էր այդ միացումը հովանավորել Պոլիտբյուրոյի գլխավորությամբ: Հակառակ դեպքում ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը երբեք ռիսկ չէր անի գնալ այդ քայլին (այլ հարց, որ Պոլիտբյուրոյի անդամներից ոմանք էլ Ադրբեջանին ասում էին, թե՝ չհամաձայնեք հայերի և մեր որոշմանը, պայքարեք):

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն արդեն 1992-ին հայտարարում էր (մասնավորապես, «Комсомольская правда»-ին տրված հարցազրույցում), թե Ղարաբաղի լուսավոր ապագան Ադրբեջանի կազմում է:

Ինչո՞ւ 1994-ի հաղթանակից հետո Հայաստանը չճանաչեց Ղարաբաղի անկախությունը կամ չմտցրեց իր կազմի մեջ, այն դեպքում, երբ դրան ոչ մի աշխարհաքաղաքական աղետ չէր հետևի, ոչ էլ նոր պատերազմ՝ Ադրբեջանն ուժասպառ էր եղած:

Ինչո՞ւ նախագահ Քոչարյանի օրոք Հայաստանում ստեղծվեց Միացյալ Նահանգների ամենախոշոր հետախուզական բազաներից մեկը՝ Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված, դեսպանատան տեսքով:

Ինչո՞ւ հայտնվեցին Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաները:

Ինչո՞ւ Հայաստանում 90-ականների կեսից բացվեցին բոլոր դռները արևմտյան դոնորների համար և մեկնարկեց գրանտակերների սերիական աննախադեպ արտադրությունը, որը կլանեց քաղաքացիական հասարակության ամենաակտիվ, ամենաճարպիկ սեգմենտները և այլասերեց երկիրը բոլոր իմաստներով:

Ինչո՞ւ Հայաստանը սկսեց եվրաինտեգրացիայի հակազգային, համենայն դեպս՝ ոչ պետքական պրոցես, որը վերածվեց եվրաասոցացման:

Ինչո՞ւ կայացավ գրանտակերերի հեղափոխությունը:

Ինչո՞ւ պարտվեց և հանձնվեց Արցախը:

Ինչո՞ւ Արցախի քաղաքական ղեկավարությունը մերժեց Վլադիմիր Պուտինի փրկիչ առաջարկը՝ դիմել Արցախի Ազգային ժողովի անունից ՌԴ ղեկավարությանը Ռուսաստանի կազմ մտնելու խնդրանքով և ողջ բնակչությանն ապահովել ՌԴ անձնագրերով, որը փրկության և անվտանգության ամենամեծ երաշխիքը կլիներ, իսկ Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի օրինակը՝ վառ ապացույց ասածին:

Ինչո՞ւ առ այսօր ընդդիմությունը, որն ունի բավարար ռեսուրսներ՝ մարդկային, նյութական, չի կարող պատասխան հեղափոխությամբ զրկել արևմտյան գրանտակերներին իշխանությունից:

Ինչո՞ւ հայրենի ընդդիմությունը չի ընդդիմանում արևմտյան ոչ մի պրոյեկտի, լինի դա 2022-ի հոկտեմբերի 6-ը Պրահայում, թե Թրամփի ուղին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրանի կառուցում, այսինքն՝ հակառուսական, հակաչինական, հակաիրանական աշխարհաքաղաքական ռումբ:

Այս «ինչուների» պատասխանի գոյականը մեկն է, սկսվում է «Ա» տառով:

Թվարկածս ողբերգական կետերը տեղի ունեցան կամ տեղի չունեցան բացառապես ԱՐԵՎՄՈՒՏՔԻ շնորհիվ, նրա կամքին համաձայն և համապատասխան: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման պահից գեթ մեկ օր չի ապրել իր համար, գեթ մեկ բան չի արել իր շահերից ելնելով՝ Հայաստանն իր ստեղծման պահից ապրել, շնչել և արտաշնչել է ԲԱՑԱՌԱՊԵՍ Արևմուտքի և արևմտյան շահերի համար:

Կարծում եք, հայ ժողովրդի մուրա՞զն էր ամերիկյան հետախուզական բազան, թե՞ հակազգային գրանտակերների բուծումը:

Գուցե ազգային մուրազը Թրամփի ուղի՞ն է՝ Ադրբեջանի երջանկությունն ու Թուրանի կայացումը, թե՞ Արցախի դուրս շպրտելն էլ մուրազ Հայաստանի կազմից 1991 թվականին:

Ինչևէ, Հայաստանը շարունակում է ապրել, շնչել և արտաշնչել հանուն հավաքական Արևմուտքի: Ինչ արած, այդպիսին են բոլոր ժամանակների հայկական էլիտաները: Նշանակում է՝ երկիրը երկար չի ձգի, և շատ շուտով մենք կառերեսվենք անխուսափելի պատմական, երկնային պատժի հետ:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ

v class="footer-right"> .